Համահայկական

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության գերակա ուղղություններից մեկը համահայկական ծրագրերի իրականացումն է:
Կարևոր համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումը՝ վերջին տարիներին հիմնադրամը մի շարք խոշորածավալ ծրագրեր է ֆինանսավորել, որոնք նպատակ են ունեցել նպաստելու հայապահպանությանն ու ազգային միասնության ամրապնդմանը: Հիմնադրամի հովանավորությամբ անցկացված համահայկական խոշորագույն միջոցառումներից մեկը 2013 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացված Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ մարզախաղերն են:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ստանձնել էր մարզախաղերի պատվավոր նախագահությունը, հետևողական էր եղել, որպեսզի համահայկական գլխավոր միջոցառումն անցկացվի ամենաբարձր մակարդակով: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզախաղերը Հայաստանում անցկացնելու առաջին հնարավորությունը եղել է 2009 թվականին, և միայն Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ է հնարավոր դարձել 4 տարվա ընդմիջումից հետո 9-րդ մարզախաղերը կրկին Մայր Հայրենիքում անցկացնել: Երկար սպասված միջոցառումը Հայաստան էր բերել աշխարհի ավելի քան 20 երկրի 650 մարզիկ-մարզուհիների: 8 մարզաձևում հաղթողի կոչման համար պայքարի դուրս եկած երիտասարդները մեկ շաբաթ ընթացող թեժ մրցակցությունից հետո ի հայտ բերեցին ուժեղագույններին: Բոլոր հաղթողները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից արժեքավոր պարգևներ ու մրցանակներ ստացան: Մեկ շաբաթվա ընթացքում Սփյուռքից ժամանած հայ երիտասարդները ոչ միայն նոր կապեր ու ծանոթություններ հաստատեցին, այլև հնարավորություն ստացան ավելի մոտիկից ծանոթանալու հայրենի երկրի հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը՝ նորովի բացահայտելով Հայաստանն ու հայկական դարավոր ավանդույթները:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության միջև սերտ գործակցությունն այսօր էլ շարունակում է ամուր հիմքերի վրա մնալ՝ ճանապարհ հարթելով նոր համատեղ ծրագրերի իրականցմանը:
 

Աջակցություն Սկաուտներին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանում սկաուտությունը զարգացնելու և տարբեր երկրներում բնակվող սկաուտների միջև ակտիվ երկխոսություն հաստատելու ուղղությամբ: Պատահական չէ, որ 2015 թվականի մայիսի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կողմերը ակտիվ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին: Գագիկ Ծառուկյանը Համաշխարհային սկաուտական շարժման ներկայացուցիչներին հայտնեց, որ որպես ՀԱՕԿ նախագահ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նրանց կողմից իրականացվող կարևորագույն ծրագրերին: Կարևոր համարելով հատկապես Հայաստանում միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը՝ հայրենական սպորտի ղեկավարը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Համաշխարհային սկաուտական շարժմանը 100.000 դոլլար հատկացրեց:

Ֆինանսավորման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ոչ միայն յուրաքանչյուր տարի կազմակերպության միջոցառումներից մեկը Հայաստանում անցկացնել, այլև մեր երկրում հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ սկաուտների: Տեղեկացնենք, որ Համաշխարհային սկաուտական շարժումն աշխարհի ամենամեծաթիվ անդամ ունեցող կազմակերպություններից է և իր շարքերում ունի ավելի քան 40 միլիոն սկաուտ: Շարժումը նպատակ ունի մինչև 2023 թվականը նրանց թիվը հասցնել 100 միլիոնի: Սքոթ Թիրի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ կարևոր է համարում սկաուտության առաքելությունն ու շարժման իրականցրած աշխատանքը հատկապես արժանապատիվ և բանիմաց սերունդ դաստիարակելու գործում և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում կրկին աջակցության իր մասնաբաժինն ունենալ շարժման հետագա ծրագրերին: Համաշխարհային սկաուտական շարժման ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Գագիկ Ծառուկյանին ցուցաբերած աջակցության համար և ընդգծեցին, որ ՀԱՕԿ նախագահին սկաուտների մեծ բարեկամ են համարում:
 

ԼԻԲԱՆԱՆ

Առաջնահերթ համարելով Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդումն ու Սփյուռքում հայ ինքնության պահպանման խնդիրը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հատկապես վերջին տարիներին ֆինանսական մեծ օժանդակություն է ցուցաբերում Սփյուռքի հայկական կառույցներին: 2015 թվականի հուլիսի 24-ից 26-ը Մեծի Տանն Կիլկիկո Արամ Ա Կաթողիկոսի հրավերով Լիբանանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հիմնադրամը հետայսու պատրաստվում է զգալի միջոցներ հատկացնել համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացմանը: Արամ Առաջինի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև Բերիո և Լիբանանի հայոց թեմերի առաջնորդներն ու ազգային կենտրոնական վարչության անդամները, հանգամանորեն ներկայացվեցին վերջին 5 տարիներին Սիրիայում ընթացող պատերազմի աղետալի հետևանքներն ու սիրիահայ համայնքի կրած մեծ կորուստները: Նշվեց, որ լուրջ խնդիրների առջև են հայտնվել հատկապես հայկական կրթօջախները: Լսելով ներկաների մտահոգությունները՝ Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է հնարավորություն սահմանում օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող հայրենակիցներին և հայտնեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 500.000 դոլլար կնվիրաբերի սիրիահայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Բարձր գնահատելով բարերարի քայլը՝ Արամ Առաջինը հայտնեց, որ քաջատեղյակ են Գագիկ Ծառուկյանի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում կատարած մեծածավալ աշխատանքին և պատահական չհամարեց այն, որ բարերարը լիբանանահայության շրջանում սիրված և մեծ հեղինակություն վայելող անձ է: Գագիկ Ծառուկյանն իր հերթին հավելեց , որ սիրահայ համայնքը մշտապես եղել և լինելու է իր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Լիբանան կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եղավ նաև Բեյրութում կառուցվող Ազգային միացյալ վարժարանում: Կրթօջախը, որտեղ մեկ տարի հետո ուսանելու հնարավորություն կունենա ավելի քան 1200 երեխա, նպատակ ունի միավորելու Լիբանանում գործող կրթական փոքր հաստատություններն ու ակտիվ ջանքեր գործադրելու հայապահպանության ուղղությամբ: Վարժարանի շինհրապարակում շրջելուց և շինարարության ընթացքին ծանոթանալուց հետո Գագիկ Ծառուկյանն անգնահատելի համարեց արաբական երկրում հայկական կրթօջախների դերակատարումն ու հայտարարեց, որ հիմնադրամը 100.000 դոլլար է նվիրաբերում վարժարանին՝ նպատակ ունենալով աջակցության իր մասնաբաժինն ունենալ կրթօջախի կառուցման գործում: Գագիկ Ծառուկյանը վարժարանին նաև 500 կտոր գիրք և մարզահագուստ նվիրեց: Իսկ արդեն Լիբանանի ազգային առաջնորդարանում՝ տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ , Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ հիմնադրամը, կարևոր համարելով Սփյուռքում բնակվող մեր հարենակիցների ինքնության պահպանման խնդիրը, պատրաստ է յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանողի հնարավորություն ընձեռել կրթություն ստանալու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ իր վրա վերցնելով ֆինանսական բոլոր ծախսերը: Շնորհակալություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին նախադեպը չունեցող աջակցության համար՝ լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման ճանապարհին բարերարի քայլն անկյունադարձային կլինի:

Արցախ

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն անմասն չի մնում նաև Հայկական 2-րդ պետության՝ Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերից: Համոզված լինելով, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է աջակցությանն իր մասնաբաժինն ունենալ Արցախի զարգացման գործում՝ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ է իր օժանդակությունը ցուցաբերել երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով 2014 թվականի աշնանը մեկնելով Արցախ և ծանոթնանալով երկրի հարավային թևում գտնվող Արաքսավան համայնքում ընթացող աշխատանքներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ որպես հայ, իր պարտքն է համարում մասնակցել կարևոր այդ ծրագրի կենսագործմանն ու խոստացավ ֆինանսական խոշոր օժանդակություն հատկացնել:

Տրված խոստման հաջորդ իսկ օրը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից նորաստեղծ Արաքսավան համայնքում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի 10-ը հազարական ամերիկյան դոլար հատկացվեց: Իսկ Արցախի Ներքին գործերի նախարարությանն ու Սահմանապահ զորքերին հատկացվելիք Նիվա մակնիշի մեքենաներն ու Արաքսավանում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար նախատեսված տրակտորները մի քանի օր անց Արցախ ուղևորվեցին: Ավելի քան 2000 տոննա ցեմենտ է հատկացվել նաև համայնքում ընթացող շինարարական աշխատանքների համար:

Քուվեյթ

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն, արդեն տևական ժամանակ է, ինչ սերտ գործակցություն է հաստատել նաև Քուվեյթի հայկական համայնքի հետ: Ամեն ինչ սկսվեց 2013 թվականի գարնանը, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մարտի 30-ից ապրիլի 1-ը Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիայի, Ասիայի օլիմպիական կոմիտեի և Քուվեյթի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հրավերով մեկնեց Քուվեյթ:

Հենց այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը այցելեց 1961թ-ին հիմնադրված Քուվեյթի հայ ազգային վարժարան, որը պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական կրթօջախն է և ունի ավելի քան 500 աշակերտ: Ցուցաբերած ջերմ ընդունելության ընթացքում վարժարանի սաներն ու պատասխանատուները Գագիկ Ծառուկյանին խնդրեցին բարձր առաջադիմություն ունեցղ մի քանի տասնյակ աշակերտների հնարավորություն ընձեռել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին գտնվել Հայաստանում: Գագիկ Ծառուկյանի դրական պատասխանը չուշացավ: 2015 թվականի ապրիլի 22-24ը վարժարանի մի քանի տասնյակից ավելի սաներ ու մանկավարժներ, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայրենիքում էին: Երեք օր շարունակ Քուվեյթի մեր հայրենակիցները հնարավորություն ստացան ոչ միայն շրջել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերով ու ծանոթանալ հայրենի երկրի պատմամշակութային հարուստ ժառանգությանը, այլև նոր ընկերներ ձեռք բերեցին: Քուվեյթահայ երեխաները, որոնցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում, հնարավորություն ունեցան հանդիպելու նաև Գագիկ Ծառուկյանի հետ և անձամբ շնորհակալություն հայտնելու՝ իրենց վաղեմի երազանքն իրականություն դարձնելու համար: Գագիկ Ծառուկյանն իր հերթին խոստացավ, որ պատրաստ է աջակցել հայրենիքի հետ կապն ամրապնդելուն ուղղված ցանկացած նախաձեռնության:

 

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր