Հիմնադիր

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

1975-1977թթ.-ին Գագիկ Ծառուկյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մեծ հաջողությունների է հասել սպորտում. 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն,  իսկ 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող:
2004թ.-ից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: 2008թ.-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել են 6 օլիմպիական մեդալ:

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա ընկերության գործադիր տնօրենը: 1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է«Մուլտի Գրուպ բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Ընդհանուր առմամբ այդ կառույցներում ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ:

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին հիմնադրել է«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: 2007թ.-ին առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ Բարգավաճ Հայաստանը ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարության կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցությանն են վստահվել Սպորտի և երիտասարդության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունները: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին« Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ստացավ մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր ՝ դառնալով իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Բարգավաճ Հայաստանը հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գլխավորել է մինչեւ 2015 մարտի 5-ը։ Մարտի 5-ի ԲՀԿ արտահերթ համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ հեռանում է մեծ քաղաքականությունից։

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2000թ.-ից գործում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում՝ եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը:

Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա:

Լուրեր

Ազգային խնդիրների հաղթահարումը միայն միասնությամբ է հնարավոր

Արձագանքներ

«Ժամանակակից երաժշտությունը էլիտար ժանր է, սակայն պ. Ծառուկյանն ունի ժողովրդական վեկտոր, որը ամփոփում է եւ էլիտարը, եւ ժողովրդականը մեկ տանիքի ...
Մարգարիտ Ռուխկյան

Ընթացիկ ծրագրեր