Սոցիալական աջակցություն Կոտայքի մարզի բնակիչներին
Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հերթական անգամ աջակցություն է ցուցաբերել Կոտայքի մարզի 50-ից ավելի համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների: Ուշադրության կենտրոնում ոչ միայն հասարակության խոցելի խմբերն են, այլև մարզի սոցիալապես անապահով բոլոր ընտանիքները: Նրանց խնդիրներին Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթանում մարզի տարբեր համայնքներ կատարած պարբերական հանդիպումների ժամանակ: Հանրապետության հատկապես Կոտայքի մարզը ոչ միայն տոնական ու նախատոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում գտնվում է Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:Կոտայքցիների համար նախապատրաստված այս 10-յակ հազարավոր բազմազան մթերքն ու խմիչքների տեսականին տոնական սեղանի անհրաժեշտ բաղադրիչներից բացի նաև Նոր տարվա սպասված ու ցանկալի նվեր է: Շաքարավազ, թռչնամիս, ձու, կարագ, մակարոնեղեն, բուսական յուղ, խմիչքների բազմազան տեսականի և ոչ միայն: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է` օգնության ձեռք մեկնել ու կիսել բոլոր այն մարդկանց հոգսը, որոնք իսկապես ունեն դրա կարիքը: Տարեցներ, թոշակառուներ, հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ ու հայրենականի վետերաններ: Այսպիսի նախաձեռնություններն առավել քան զգալի են հատկապես այս խմբի մարդկանց համար:
Բարձր գնահատելով արդեն բարի ավանդույթի վերածված հերթական աջակցությունը` Կոտայքի մարզի քաղաքների ու գյուղերի ղեկավարները ընդգծում են` կարևորը ոչ թե օգնության չափն է, այլ ուշադրության կենտրոնում լինելու ու գնահատանքի արժանանալու կարևորագույն գիտակցումը:Նախաձեռնությունը որքան էլ ոգևորիչ ու անհրաժեշտ, նույնքան նաև սպասված է: Մարզում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությանը միշտ ու տարբեր առիթներով են ականատես եղել: Կոտայքցիներն ընդգծում են, որ հատկապես Ամանորի նախաշեմին մատուցված այս աջակցությունը կրկնակի է կարևոր համարվում, քանի որ սոցիալական խնդիրների հաղթահարումից զատ հասարակ քաղաքացին զգում է, որ կա ուշադրության, գնահատանքի ու հոգատարության դրսևորում: Մարզի բնակչները լիահույս են ու վստահ, որ Գագիկ Ծառուկյանի շարունակական հոգածությունն ու սրտացավ վերաբերմունքը օգնելու են վաղվա օրը ավելի լավը դարձնել: