Եկեղեցաշինություն

«Տո՛ւր նրան, ով քեզանից խնդրում է, և ով կամենում է քեզանից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»: Հետևել Տիրոջ պատգամներին ու հնարավորինս օգնել մարդկանց՝ այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակն ու ճանապարհը` մոտենալու Աստծուն:
Ծառուկյան ընտանիքը, թերևս, իր առաքինի վարքով ու գթասրտությամբ էր, որ արժանացավ Ամենազոր Բարձրյալի բարեհաճությանն ու Նրա օրհնությամբ հայրենիքում սկսեց եկեղեցաշեն գործունեությունը: Ծառուկյան ընտանիքը վերջին շուրջ 20 տարիների ընթացքում մեր հայրենիքում կառուցել է 8 ու վերակառուցել մոտ երկու տասնյակ եկեղեցի: Գագիկ Ծառուկյանն աջակցել է աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։

Առինջի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին առաջինն էր, որ շունչ առավ Ծառուկյան ընտանիքի բնարերարությամբ: Եկեղեցին, որ կառուցվել է մոտ 20 տարի առաջ, իշխող դիրք ունի համայնքի նկատմամբ: Թվում է՝ Սուրբ Կույսը եկեղեցու բարձունքից զորավոր թևերի տակ է առել ամբողջ Առինջն ու իր վրա վերցրել համայնքի բնակիչների պաշտպանությունը: Ծառուկյան ընտանիքը կառույցի տեղն ու դիրքը հենց այնպես չի ընտրել: Եկեղեցու բարձրությունից տեսանելի է ամբողջ համայնքը, իսկ ամեն առավոտ հնչող զանգերի ղողանջը՝ լսելի Առինջի յուրաքանչյուր հատվածում: Սուրբ Մարիամ Աստվածածնի կառուցումից հետո Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ մարզի՝ եկեղեցի չունեցող 17 գյուղերի համար տեղադրվեցին խաչքարեր՝ որպես հավատքի ու քրիստոնեական սիրո խորհրդանիշ:

Սուրբ Մարիամ Աստվածածինը հարազատ ծննդավայրում կառուցած առաջին եկեղեցին էր, բայց ոչ վերջինը: Դրա ավարտից անմիջապես հետո Ծառուկյան ընտանիքն իր վրա վերցրեց Առինջում գտնվող մեկ այլ՝ կրկին Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը կրող եկեղեցու վերակառուցումը, որը դարերի ընթացքում վերածվել էր ավերակների: Նրա տարեգրության մասին վկայող հստակ փաստեր չկան, քանի որ ոչ մի արձանագրություն պահպանված չէ: Սակայն ըստ եկեղեցու ճարտարապետ Սամվել Ստեփանյանի՝ կառույցի հորինվածքը թույլ է տալիս ենթադրել, որ այն 9-10-րդ դարերի շինություն է: Ճարտարապետը պատմում է, որ եկեղեցու փլատակների մաքրման ընթացքում հայտնաբերվել է առյուծի գլուխ պատկերող քանդակ, որը հիշեցնում է Բագրատունիների՝ առյուծի տեսքով հնագույն զինանշանը: Այն թույլ է տալիս չբացառել, որ եկեղեցին կարող է կառուցված լինել հենց նրանց թագավորության օրոք:
Խոնարհված եկեղեցուն զուգահեռ Ծառուկյան ընտանիքը վերականգնում է նաև նրան շրջապատող ամրոցի պարիսպը, որի հետքերը տանում են դեպի ավելի վաղ շրջաններ:

Շարունակելով հայրենի Առինջի եկեղեցաշինությունը՝ Ծառուկյան ընտանիքը ստանձնեց նաև համայնքի հյուսիսում գտնվող Կարմրավոր մատուռի ամբողջական վերականգնումը: Մատուռն Առինջի ամենահին հուշահամալիրներից է և թվագրվում է 13-րդ դարով: Այն կառուցված է տեղական բազմերանգ սրբատաշ տուֆից և շրջապատված է միջնադարյան արձանագիր խաչքարերով և տապանաքարերով: Ասում են՝ Կարմրավորը Առինջի անձնագիրն է, որն ուրույն նշանակությունն ունի համայնքի տարեգրության մեջ: Մինչև վերակառուցումը մատուռը գտնվում էր կիսաքանդ վիճակում և ամբողջությամբ թաղված էր քարերի ու մացառների մեջ: Ծառուկյան ընտանիքի շնորհիվ հաջողվեց ոչ միայն բարձրացնել Կարմրավորի խոնարհված գլուխն ու շունչ տալ նրա անկենդան քարերին, այլև փրկել հազարամյակների բովով անցած մատուռն ու փոխանցել սերունդներին` որպես հոգևոր ժառանգություն:

Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը, սկսվելով հայրենի ծննդավայրից, ընդլայնեց աշխարհագրությունն ու տարածվեց մինչև սահմանամերձ Այրում: Խոստանալով կյանքի կոչել այրումցու՝ եկեղեցի ունենալու տարիների երազանքը՝ 2007 թվականի գարնանը Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դրեց լեռան բարձունքին կառուցվելիք Սուրբ Հովհաննես եկեղեցու առաջին քարն ու ազդարարեց շինարարարության մեկնարկը: Ծառուկյան ընտանիքը հետևողական եղավ, որպեսզի եկեղեցին կառուցվի ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և խոստացվել էր, մոտ մեկ ու կես տարվա ամենօրյա աշխատանքից հետո Սուրբ Հովհաննես եկեղեցին բացեց դռները համայնքի ամբողջ հավատավոր ժողովրդի առջև:

Յուրաքանչյուր բարի գործ ինքն է իր համար ճանապարհ հարթում, առավել ևս երբ կամքդ արդար է, հավատքդ՝ զորավոր, աշխատանքդ՝ աստվածահաճո: Ծառուկյան ընտանիքի կառուցած ամեն մի եկեղեցին կարծես յուրովի սկիզն էր հաջորդի, որի շարունակությունն ուղղորդում էր Աստված, ու հենց Ինքն էլ կանխորոշում ամեն մեկի խորհուրդը: 2005 թվականին Ծառուկյան ընտանիքն Աբովյան քաղաքում սկսեց Հայ Առաքելական Եկեղեցու ամենամեծ սրբերից մեկի՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցու կառուցումը: Հիմնարկեքը տեղի ունեցավ 2006 թ-ին, որին հաջորդեց 7 երկար ու ձիգ տարիների աշխատանքը: Ծառուկյան ընտանիքի հետ գործին միացան հարյուրից ավելի քանդակագործներ ու զարդագործ վարպետներ, ճարտարապետներ ու որմնանկարիչներ, շինարարներ ու բանվորներ: Աշխատանքը չէր դադարում ոչ մի օր ու օրվա ոչ մի ժամ: Եկեղեցին զբաղեցրել էր Ծառուկյան ընտանիքի ամբողջ միտքը. ամենօրյա սրտացավություն ու նվիրում, ամեն մի քարի ու քանդակի հետ նոր հույզեր ու ապրումներ: Արդյունքն ապշեցնող էր ու դուրս մարդկային անսահման երևակայությունից: Զբաղեցնելով ավելի քան 10.000 քառակուսի մետր տարածք՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին իշխող դիրք ունի ամբողջ քաղաքի նկատմամբ: Խորհրդանշական է, որ նրա վեհաշուք բարձրությունից հպարտորեն երևում է ճերմակահեր Արարատը՝ իբրև հայ ժողովրդի պատմության լուռ վկա:

Ավելի քան 8 տասնամյակի սպասումից հետո Նուբարաշենի հավատավոր ժողովուրդը ևս իր եկեղեցին ունի: Այն բարերար Գագիկ Ծառուկյանի խոստացած նվերն է համայնքի ավելի քան 10.000 բնակչին: Դեռ 2.5 տարի առաջ անսալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը խոստացավ՝ կարճ ժամանակում համայնքը եկեղեցի կունենա: 2012-ին մեկնարկած շինարարությունն ավարտվեց մոտ 2,5 տարվա ընթացքում: Համայնքի միակ եկեղեցին, որ կոչվում է Սրբոց Նահատակաց, կառուցվեց ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշանական է, որ նրա բացումը համընկավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եկեղեցու ճարտարապետական լուծումները հարազատ են հայ միջանադարյան եկեղեցաշինության ավանդույթներին: Զարդանախշերն ու քանդակները խորհրդանշում են Հայոց Մեծ Եղեռնը: Եկեղեցու նախագծի հեղինակը ՀՀ Վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է:

Մարդը մտածում է, Աստված՝ տնօրինում: Ամեն մի եկեղեցու կառուցումից հետո թվում էր՝ այն վերջինն է լինելու, սակայն ամեն մի վերջ դառնում էր սկիզբը նորի: Թերևս, Ծառուկյան ընտանիքն իր առաքելությունն ամբողջությամբ կյանքի չէր կոչի, եթե կառուցած եկեղեցիների կողքին չավելացներ ևս մեկը՝ 7-րդը: Իսկ այն կառուցվելու էր Նոր Հաճընում ու կառուցվելու էր հաճնցիների խնդրանքով: 2010-ը թվականին՝ քաղաքի հիմնադրման տոնի ժամանակ, լսելով եկեղեցի ունենալու՝ բնակիչների վաղեմի ցանկությունը՝ Գագիկ Ծառուկյանը խոստացավ իրականացնել այն: Հենց նույն տարում զարկ տրվեց եկեղեցու շինարարությանն ու որոշվեց այն կառուցել Հաճընի՝ հերոսամարտում զոհված հայորդների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում: Գրեթե 5 տարի պահանջվեց, որպեսզի կառույցը ստանա իր ամբողջական տեսքը: Նոր Հաճընի սրտում վեր հառնող 7-րդ եկեղեցին, որն առանձնահատուկ խորհուրդ ամփոփելով իր մեջ ստացավ Սուրբ Ամենափրկիչ անունը՝ Ծառուկյան ընտանիքը կառուցեց որպես երախտագիտություն Բարձրյալին:

 

2021 թվականի աշնանը Արցախում ռուսական ռազմական քաղաքի տարածքում հանդիսավոր պայմաններում բացվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված առաջին ուղղափառ եկեղեցին: Սուրբ Ծննդյան եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են բարերար Գագիկ Ծառուկյանը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։ Եկեղեցու հարակից պուրակում ծառատունկ է կազմակերպվել։ Գագիկ Ծառուկյանն անվանական եղևնի է տնկել՝ ի նշան երախտիքի եղբայրական ռուս ժողովրդին և ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։

Լուրեր

«THE LEADER 2024» մրցանակաբաշխության տարվա բարերար անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Ծառուկյանին

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր