Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքային այցով Լիբանանի Հանրապետությունում է

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հրավերով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով Լիբանանի Հանրապետությունում էր: Բեյրութի միջազգային օդանավակայանում հայրենական սպորտի ղեկավարին դիմավորեց Լիբանանի ազգային ժողովի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Լիբանանի Բիգֆայը գյուղաքաղաքի բարձունքում գտնվող Սուրբ Աստվածածին վանքի վեհարանում Գագիկ Ծառուկյանին առաջինը ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Հանդիպումը, որին ներկա էին Լիբանանի և Բերիո հայոց թեմերի առաջնորդներն ու ազգային կենտրոնական վարչության անդամները, անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Շնորհակալություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին հրավերն ընդունելու և Լիբանան այցելելու համար՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կարևոր համարեց Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությունը դիտարկում է մեկ համապարփակ ամբողջության մեջ՝ վստահ լինելով որ Հայաստանի հզորացումը Սփյուռքի հզորացումն է և հակառակը:
Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ ամենայն ուշադրությամբ հետևում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին և քաջատեղյակ է Գագիկ Ծառուկյան բարերարի՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում կատարած մեծածավալ աշխատանքին: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր գնահատեց բարերարի՝ Հայաստանի հզորացմանն ու հայ ժողովրդի բարօրրությանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը լիբանանահայության շրջանում սիրված և մեծ հեղինակություն վայելող անձնավորություն է:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից հետո ելույթով հանդես եկավ Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը: Նա նշեց, որ վերջին 5 տարիներին Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով սիրիահայ համայնքը հայտնվել է տագնապալի իրավիճակում և ծանր կորուստներ է կրել: Բերիո թեմի առաջնորդը տեղեկացրեց, որ լուրջ խնդիրների առջև են կանգնել հատկապես հայկական դպրոցները:
Լսելով ներկաների մտահոգությունները՝ Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին հրավերի համար և ընդգծեց, որ մեծ հպարտությամբ է հյուրընկալել հայկական ամենաամուր ու կենսունակ համայնքներից մեկում: Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատեց հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ու հայապահպանությանն ուղղված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության ջանքերը՝ նշելով, որ Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի և հայերի համար առանձնահատուկ նշանակություն ունի:
«Յուրաքանչյուր հայի պարտքն է հնարավորության սահմանում օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին»,-համուզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանն ու տեղեկացրեց, որ իր կողմից 500.000 հազար դոլար է նվիրաբերում սիրիահայ համայնքին և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությանը:

«Սիրահայության օժանդակությունը համազգային հարց է, հետևաբար մենք համազգային զորակցություն պետք է հայտնենք նրանց»,-շնորհակալություն հայտնելով Գագիկ Ծառուկյանին ցուցաբերած աջակցության համար՝ նշեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Ներկաները ևս բարձր գնահատեցին բարերարի քայլն ու համոզմունք հայտնեցին, որ այն կոգեշնչի տագնապի մեջ հայտնված սիրահայությանն ու պատերազմին դիմակայելու նոր ուժ կհաղորդի:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանն իր կողմից արծաթե խաչ նվիրեց կաթողիկոսությանն ու հույս հայտնեց, որ այն ապավեն կլինի ամբողջ աշխարհայսփյուռ հայությանը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր հերթին ևս խորհրդանշական հուշանվերներ հանձնեց Գագիկ Ծառուկյանին և հայտնեց, որ մշտապես ուրախ կլինի նրան հյուրընկալել Լիբանանում:
*************
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը նախ այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա շրջեց հարակից տարածքում գտնվող Նահատակների հրապարակով: Այն բարեկարգվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և ամփոփում է հայ ժողովրդի բոլոր կարևոր սիմվոլները: Գագիկ Ծառուկյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Մեծ Եղեռնը խորհրդանշող խաչքարի առջև՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
*************
Գագիկ Ծառուկյանի այցելության հաջորդ հանգրվանը Անթիլիասն է, այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի ուղեկցությամբ Գագիկ Ծառուկյանը նախ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, որը կարևոր նշանակություն ունի տեղի հայ համայնքի հոգևոր կյանքում: Եկեղեցին, որի փոխարեն տարիներ առաջ ընդամենը մի թիթեղաշեն փոքրիկ մատուռ է եղել, կառուցվել է անանուն բարերարի կողմից, որն այդպես էլ անհայտ է մնացել մինչև այսօր: Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 1940 թվականին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հետո Գագիկ Ծառուկյանը եղավ նաև Սուրբ Ստեփանոս մատուռում, որը կառուցվել է 1930-ական թվականներին և իր տեսակով եզակի է ամբողջ աշխարհում: Մատուռը Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին կառուցված ամենաառաջին հուշարձանն է, որտեղ ամփոփված են Դեյր-Զորում զոհված հայերի աճյունները:
Գագիկ Ծառուկյանը տպավորվեց նաև Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության «Կիլիկա» թանգարանով, որի շինարարությունը մեկնարկել է 1993 թվականին և ավարտվել 1997-ին: Կրոնական գանձերի մեծ մասը, որոնք ցուցադրված են թանգարանում, Անթիլիաս են բերվել դժվարին պայմաններում՝ 1915 թվականին, երբ Կաթողիկոսությունը ստիպված էր հեռանալ իր նախանական նստավայրից՝ Սիսից: Թանգարանում պահվում են ինչպես մասունքներ, եկեղեցական թանկարժեք զգեստներ, արժեքավոր խաչեր, այնպես էլ հին հայկական և հռոմեական դրամներ, հազվագյուտ գրքեր ու ձեռագրեր:

Գագիկ Ծառուկյանի աշխատանքային այցի երկրորդ օրը ևս գերհագեցած էր: Առաջինը, ուր այցելեց ՀԱՕԿ նախագահը, Լիբանանի ազգային միացյալ վարժարանն էր: Այստեղ նրան դիմավորեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը՝ ազգային իշխանության, վարչությունների անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Ազգային միացյալ վարժարանը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են 3 տարի առաջ, նպատակ ունի միավորելու Լիբանանում գործող հայկական մանր կրթական հաստատություններն ու ակտիվ քայլեր գործադրելու հայապահպանության ուղղությամբ: Մոտ մեկ տարի հետո այստեղ սովորելու է ավելի քան 1200 երեխա: Գագիկ Ծառուկյանը շրջում է վարժարանի շինհրապարակով, ծանոթանում կատարվող աշխատանքների ընթացքին: Հայրենական սպորտի ղեկավարը նշում է, որ անչափ ուրախ է օտար երկրում կառուցվող ամեն մի հայկական կրթօջախի համար: «Այստեղ է, որ մեր երիտասարդները պետք է հայեցի դաստիարակություն ստանան ու վառ պահեն հայրենասիրության ոգին»,-նշում է Գագիկ Ծառուկյանն ու պատրաստակամություն հայտնում իր ներդրումն ունենալու կարևոր այդ գործին:
Գագիկ Ծառուկյանն իր կողմից վարժարանին նաև 500 կտոր գրականություն և մարզահագուստ է նվիրում:
Ազգային միացյալ վարժարանից հետո Գագիկ Ծառուկյանն այցելում է նաև Լիբանանի Օգնության Խաչի Արաքսի Պուլղուրճեան ընկերաբժշկական կենտրոն, որն իր գործող 8 բաժանմունքներով գրեթե անվճար բժշկական ծառայություններ է մատուցում սոցիալական դժվարին պայմաններում ապրող լիբանանահայերին: Լիբանանի Օգնության Խաչի շրջանային վարչության ատենապետ Թալին Քելբաշյանը Գագիկ Ծառուկյանին հայտնում է, որ յուրաքանչյուր օր շուրջ 250 այցելու ունեցող կենտրոնն իր 27 տարվա գործունեության մեջ բժշկական ծառայություն է մատուցել ավելի քան 1 միլիոն 500 հազար լիբանանահայի: Կենտորնն գործում է նաև անվճար ճաշարան:
Լիբանանի ազգային առաջնորդարանը հաջորդ վայրն է, ուր այցելում է Գագիկ Ծառուկյանը: Հենց այստեղ էլ տեղի է ունենում լիբանանահայերի երկար սպասված հանդիպումը նրա հետ: Ողջունելով ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը նշում է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Սփյուռքի ամենափառահեղ պատմություն ունեցող համայնքներից մեկի հետ, որն իր ամենօրյա նվիրումով ու ազգանվեր գործունեությամբ մշտապես նպաստում է հայապահպանության ամրապնդմանն ու ամենուր բարձր է պահում հայի անունը:
Մեր ուժը մեր միասնության մեջ է, -ասում է Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ միայն համախմբված լինելու շնորհիվ է հնարավոր հաղթահարել յուրաքանչյուր արգելք ու համատեղ ջանքերով շենացնել Մայր Հայրենիքը: Կարևոր համարելով օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների ինքնության պահպանումը՝ ՀԱՕԿ նախագահը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն այսուհետև պատրաստ է օժանդակել համահայկական ծրագրերի իրականացմանը:


Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին կատարած մեծ ներդրումի համար՝ շեշտելով, որ հայրենքից հեռու ապրող հայությանը բարերարի ուշադրությունը էլ ավելի կգոտեպնդի:
Հանդիպման ավարտից հետո Գագիկ Ծառուկյանի և լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների միջև առավել ջերմ ու անմիջական զրույց ծավալվեց: Մեր հայրենակիցները նշեցին, որ չնայած հեռավորությանը գիտեն Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին ու մշտապես հպարտանում են նրանով: Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին հայտնեց, որ մշտապես պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել լիբանանահայ համայնքին:
Գագիկ Ծառուկյանի աշխատանքային օրակարգում նաև այցելությունն էր դեպի Բուրջ Համուդ, որը Լիբանանի ամենահայաշատ թաղամասերից մեկն է: Պատահական չէ, որ շատերն այն Փոքրիկ Հայաստան են անվանում, այստեղ գրեթե ամեն ինչ հայկական է: Միայն Բուրջհամուդում 7 հայկական եկեղեցի ու ավելի քան 13 կրթական հաստատություն կա: 1920-ական թվականներին հիմնադրված բնակավայրում այսօր ավելի քան 40.000 հայ է բնակվում, որոնք հաջող գործունեություն են իրականացնում հատկապես ոսկերչության, կոշիկի և հագուստի արտադրության բնագավառներում: Բուրջ Համուդում կատարած շրջայցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշում է, որ տպավորված է լիբանանահայերի նվիրումով ու աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է ոչ միայն արթուն պահել հայի ոգին, այլև օտար երկրում մեծ հարգանք վաստակել:
*****************
Այսպիսով ավարտվեց Գագիկ Ծառուկյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Հրաժեշտից առաջ ՀԱՕԿ նախագահը ևս մեկ անգամ խոստացավ, որ իր կողմից պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ Հայրենիք-Սփյուռք կապը ամրապնդելու համար:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր