Հիմնադրամի աջակցությամբ երիտասարդ դերասանները կմասնակցեն «Пространство юных» փառատոնին

Ներկայացնել հայ թատերական արվեստն արտերկրում, հնարավորություն ընձեռել երիտասարդ դերասաններին ներկայացնելու իրենց տաղանդն ու հմտությունները. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի առաջին անգամ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի ուսանողները կմասնակցեն ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին: Մայիսի 7-11-ը մեր երկիրը ներկայացնող երիտասարդ դերասանները կմրցեն տարբեր երկրներից ժամանած ուսանողական թատերախմբերի և մեծանուն ռեժիսորների սաների հետ:
Մեր երկիրը ներկայացնող թատերախմբի կազմում Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի ուսանողներն են: Միջազգային հեղինակավոր մրցույթին հայ երիտասարդ դերասանները ներկայացնելու են Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» դրաման:
Մոտ 1,5 ժամ տևողությամբ ներկայացումը իրական փաստերի հիման վրա է և պատմում է նկուղում բնակվող անտուն երեխաների կյանքը: Ինչպես են նրանք ապրում մեկ հարկի ներքո, ինչ խնդիրների են բախվում և ինչ է սպասվում հասարակության կողմից մերժված այս երեխաներին: Հակառակ նրանց հանդեպ շրջապատի վերաբերմունքի՝ բոլորին միավորում է անսահման սերն ու միմյանց նկատմամբ մեծ հոգատարությունը: Ներկայացումը Հայաստանում արդեն իսկ մրցանակների է արժանացել, նախաձեռնության հեղինակները վստահ են, որ հաջողության են հասնելու նաև դրսում:
Յուրաքանչյուր ազգի ու պետության մասին խոսում է նրա մշակույթը. պատահական չէ, որ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը առանցքային տեղ է տալիս մշակութային ծրագրերին՝ զգալի ֆինանսավորում հատկացնելով դրանց իրականացման համար: Հիմնադրամի հովանավորությամբ կյանքի կոչվող հերթական այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն հայ երիտասարդ դերասաններին արտերկրում ներկայանալու հնարավորություն ընձեռել, այլև օգնել ընդլայնելու աշխարհայացքն ու հաստատելու նոր ծանոթություններ:
«Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնը, որն անցկացվում է 2009 թվականից, մեծ հեղինակություն է վայելում արտերկրում: Փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել երիտասարդ թատերախմբեր այնպիսի պետություններից, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռուսաստանը: Երիտասարդ դերասանները վստահ են՝ Հայաստան անունը բարձր են պահելու և դեպի տուն վերադառնալու են միայն հաղթանակած:

Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Խորին շնորհակալություն պ. Ծառուկյանին մեր գործունեությանը աջակցելու համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին նոր գործեր, կայացան համերգներ, մեր երիտասարդ ...
Լեւոն Չաուշյան

Ընթացիկ ծրագրեր